Երևանում ավարտվեց Digitec 2026-ը՝ AI-ի շուրջ համաշխարհային քննարկումները բերելով Հայաստան

Երևան, 23 նոյեմբերի, 2026 թ. — Նոյեմբերի 22-ին Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում ավարտվեց տարածաշրջանի գլխավոր AI իրադարձությունը՝ Digitec 2026-ը, որը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ «Աշխարհի նոր AI հանգույց» խորագրի ներքո անցկացված 21-րդ Digitec-ը երեք օր շարունակ համախմբեց տեխնոլոգիական առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների, ներդրողների, հիմնադիրների և ինժեներների Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կենտրոնական Ասիայից և Մերձավոր Արևելքից՝ քննարկելու արհեստական բանականության տնտեսությունն ու Հայաստանի դերն այդ էկոհամակարգում։

ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանը DigiConf գլխավոր բեմում
ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանը DigiConf գլխավոր բեմում

Սպառված տոմսերով համաժողով՝ երեք դահլիճում

Digitec համաժողովը, որի տոմսերը սպառվել էին մեկնարկից դեռ մեկ օր առաջ, ընթացավ երեք դահլիճում՝ զուգահեռ սեսիաներով։ DigiConf գլխավոր բեմում հանդես եկան NVIDIA-ի, Dell Technologies-ի, Mozilla-ի, AWS-ի, Microchip-ի, Revolut-ի, Agile Robots-ի և այլ ընկերությունների բարձրաստիճան ղեկավարներ։ Առանցքային իրադարձություններից էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի զրույցը՝ AI հանգույց դառնալու Հայաստանի հնարավորությունների շուրջ։

Համաժողովն ամփոփվեց Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սատյարթիի տպավորիչ ելույթով՝ «կարեկից արհեստական բանականության» մասին, որը մարդակենտրոն հայացքով եզրափակեց երեք օրվա քննարկումները։ Զուգահեռաբար DigiHub և DigiTalk դահլիճներում անցկացվեցին տեխնիկական սեսիաներ և վարպետության դասեր NVIDIA-ի, OpenAI-ի, Krisp-ի և OpenTalks.AI համայնքի մասնակցությամբ, ինչպես նաև ստարտափների ներկայացումներ և AI-ի գործնական կիրառությանը նվիրված շնորհանդեսներ։

Հանդիսատեսը DigiConf գլխավոր բեմում
Հանդիսատեսը DigiConf գլխավոր բեմում

150+ ընկերություն և տասնյակ հազարավոր այցելուներ

Digitec ցուցահանդեսին մասնակցում էր ավելի քան 150 ընկերություն Հայաստանից և արտասահմանից՝ տեխնոլոգիական, կրթական տեխնոլոգիաների, ֆինտեխ և այլ ոլորտներից, ինչպես նաև Վրաստանի, Շվեդիայի, Սլովակիայի, Ղազախստանի և այլ երկրների ազգային տաղավարներ։ Startup Alley գոտում ներկայացված էր վաղ փուլի 64 ստարտափ, այդ թվում՝ GreenTech Academy ինկուբացիոն ծրագրի 12 թիմ։ Ցուցահանդեսն ունեցավ տասնյակ հազարավոր այցելուներ։

Digitec 2026 ցուցահանդեսը
Digitec 2026 ցուցահանդեսը

DigiTalk դահլիճում կայացավ նաև «ԱրմՌոբոտիքս» ինքնավար ռոբոտաշինության ազգային առաջնության եզրափակիչը, որն ԱՏՁՄ-ն կազմակերպում է արդեն 18 տարի։ Ռեկորդային 180 հայտերից ընտրված լավագույն թիմերը մրցեցին «Խելացի ռոբոտներ ԱԲ գործարանում» թեմայով ստեղծված ռոբոտներով։

Այս տարվա նոր ձևաչափերից էր EU4Innovation East ծրագրի աջակցությամբ գործող B2B գոտին, որտեղ երեք օր շարունակ անցկացվեցին գործարար հանդիպումներ։ ԵՄ-ից, Մերձավոր Արևելքից, Մոլդովայից, Վրաստանից, Սլովակիայից, Շվեդիայից, Հունաստանից և Ղազախստանից ժամանած պատվիրակություններն ու ընկերությունները հանդիպեցին հնարավոր գործընկերների հետ։

Հյուրերը DigiConf դահլիճի մոտ
Հյուրերը DigiConf դահլիճի մոտ

Կարևոր հայտարարությունների հարթակ

«Հայաստանը կարող է մասնակցել AI-ի շուրջ համաշխարհային քննարկումների ձևավորմանը»

«21 տարի առաջ Digitec-ը մեկնարկեց որպես փոքր ցուցահանդես։ Այս տարի այն ապացուցեց, որ Հայաստանը կարող է ոչ միայն հյուրընկալել AI-ի շուրջ համաշխարհային քննարկումները, այլև մասնակցել դրանց ձևավորմանը»։ — Արմեն Քոչարյան, ԱՏՁՄ նախագահ

«Digitec 2026-ը ցույց տվեց, որ «Աշխարհի նոր AI հանգույցը» պարզապես կարգախոս չէ։ Հնարավորության պահն արդեն հասունացել է, և մեր խնդիրն այժմ այս երեք օրվա քննարկումները Հայաստանի տեխնոլոգիական համայնքի համար երկարաժամկետ հնարավորությունների վերածելն է»։ — Էդիտա Ղազարյան, ԱՏՁՄ գործադիր տնօրեն

Էդիտա Ղազարյանը Digitec 2026-ի գլխավոր բեմում
Էդիտա Ղազարյանը Digitec 2026-ի գլխավոր բեմում

Digitec 2026-ի գլխավոր հովանավորներն էին NVIDIA-ն, Firebird-ը և Krisp-ը, ռազմավարական հովանավորները՝ Picsart-ը, Netris-ը և Team Group-ը։ Միջոցառումն անցկացվեց ՀՀ ԲՏԱԱԲ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ։ Ինստիտուցիոնալ գործընկերներն էին PMI Science-ը, ISAA-ն, EU4Innovation East ծրագիրը և GIZ-ը։

Digitec-ը տարածաշրջանի գլխավոր AI իրադարձությունն է, որը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ 2026 թվականին Digitec-ն ամբողջությամբ նվիրված էր արհեստական բանականությանը՝ «Աշխարհի նոր AI հանգույց» խորագրի ներքո, և անցկացվեց նոյեմբերի 20–22-ը Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Մանրամասները՝ digitec.am։

 14 просмотров всего,  4 просмотров сегодня

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *