Երևանում մեկնարկեց Digitec 2026-ը՝ «Աշխարհի նոր ԱԲ հանգույց» խորագրի ներքո
Երևան, 20 նոյեմբերի, 2026 թ. — Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում մեկնարկեց տարածաշրջանի գլխավոր տեխնոլոգիական և արհեստական բանականության իրադարձությունը՝ Digitec 2026-ը, որը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Այս տարի միջոցառումն անցկացվում է «Աշխարհի նոր ԱԲ հանգույց» խորագրի ներքո։

Իր 21-րդ տարում Digitec-ն առավել միջազգային է, քան երբևէ։ Երեք օր շարունակ համաժողովը մեկ հարկի տակ է համախմբում տեխնոլոգիական ոլորտի առաջնորդների, ձեռներեցների, ներդրողների, գիտնականների և պետական այրերի՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կենտրոնական Ասիայից և Պարսից ծոցի երկրներից։ Ծրագիրը կառուցված է ԱԲ-ի հինգ հիմնական շերտերի՝ էներգետիկայի, չիպերի, ենթակառուցվածքների, մոդելների և կիրառական լուծումների շուրջ, իսկ համաժողովին մասնակցում է 125 բանախոս NVIDIA-ից, OpenAI-ից, AWS-ից, Dell Technologies-ից, Mozilla-ից, Agile Robots-ից, Revolut-ից և այլ ընկերություններից։
«Տեխնոլոգիաների, կապիտալի, տաղանդների և գաղափարների համաշխարհային խաչմերուկ»
Բացման արարողությանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նշեց, որ միջոցառման խորագիրն արտահայտում է Հայաստանի՝ արհեստական բանականության համաշխարհային կենտրոն դառնալու հավակնությունը։ Նրա խոսքով՝ հայկական տեխնոլոգիական համայնքն ունի այդ ներուժը, իսկ պետության խնդիրն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ այն իրացնելու համար։

ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանի խոսքով՝ Հայաստանը վերածվում է տեխնոլոգիաների, կապիտալի, տաղանդների և գաղափարների համաշխարհային խաչմերուկի․
«Արհեստական բանականության հաջորդ փուլը կկերտեն նրանք, ովքեր պատրաստ են միավորել ուժերն ու ստեղծել միասին՝ հենց այստեղ՝ Երևանում»։
NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանն ընդգծեց Հայաստանի նորարարական հարուստ փորձը և Արևելքի ու Արևմուտքի միջև կամուրջ լինելու դերը․ «Աշխարհում մեր դիրքը պետք է լինի այնպիսին, որ մենք օգտակար լինենք թե՛ գլոբալ էկոհամակարգին, թե՛ մեր հարևաններին ու ամբողջ տարածաշրջանին»։

Firebird-ի համահիմնադիր և նախագահ Ալեքսանդր Եսայանը հիշեց, որ իրենց ԱԲ գործարանի գաղափարը ծնվել է հենց Digitec-ում՝ երկու տարի առաջ․ «Երկու տարի առաջ այս միջանցքներում մի գաղափար ծնվեց։ Անհամբեր սպասում եմ տեսնելու, թե ինչ նոր գաղափարներ են սկիզբ առնելու այստեղ այս շաբաթ»։
«Հայաստանը փոքր, դեպի ծով ելք չունեցող և էներգետիկ ռեսուրսներից զուրկ երկիր է, սակայն ունի բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք արժեք են ստեղծում ոչ միայն իրենց, այլև միջազգային հանրության համար»,- նշեց Krisp-ի համահիմնադիր և նախագահ Արտավազդ Մինասյանը։
«Երկար ժամանակ մենք փորձում էինք հասնել մյուսներին՝ մրցելով մի խաղում, որի կանոններն արդեն գրված էին։ ԱԲ-ն փոխում է այդ կանոնները։ Սա մեր հնարավորության պահն է, և այն հենվում է երկու հիմնասյան վրա՝ բացառիկ տաղանդի և աճող հաշվողական հզորությունների»։ — Էդիտա Ղազարյան, ԱՏՁՄ գործադիր տնօրեն

Սպառված տոմսեր և մարդաշատ ցուցահանդես
Համաժողովը մեկնարկեց DigiConf գլխավոր բեմում, որի բոլոր տոմսերը սպառվել էին դեռ միջոցառումից մեկ օր առաջ։ Բացման հիմնական ելույթով՝ «Հայաստանի ապագան արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով, հանդես եկավ Ռև Լեբարեդյանը։ Նրան հաջորդեց Dell Technologies-ի EMEA տարածաշրջանի նախագահ Էդրիան ՄաքԴոնալդը։ Զուգահեռաբար DigiHub հարթակում անցկացվեցին քննարկումներ և վարպետության դասեր, այդ թվում՝ OpenAI-ի, BostonGene-ի և Krisp-ի մասնագիտական զեկույցները, ինչպես նաև Armenia Ecosystem Platform-ի շնորհանդեսը։

Ցուցահանդեսային հատվածում ներկայացված է ավելի քան 150 ընկերություն (այդ թվում՝ միջազգային տաղավարներ), իսկ Startup Alley գոտում՝ վաղ փուլի 64 ստարտափ։ Ամբողջ օրվա ընթացքում B2B գոտում անցկացվեցին գործարար հանդիպումներ, իսկ մարզային փուլերը հաղթահարած թիմերի մասնակցությամբ մեկնարկեց ArmRobotics հաքաթոնը։


Ինչ էր սպասվում հաջորդ օրերին
- Նոյեմբերի 21. DigiConf գլխավոր բեմում օրը կբացի Oculus-ի համահիմնադիր Ջեք ՄաքՔոլին, որին կհաջորդեն Dell Technologies-ի, Schneider Electric-ի, Firebird-ի, Netris-ի, Revolut-ի, JetBrains-ի, Microchip-ի, ServiceTitan-ի, Picsart-ի, Mozilla-ի և այլ ընկերությունների ղեկավարների ելույթները։ Օրվա գլխավոր իրադարձությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռև Լեբարեդյանի զրույցն է։ OpenTalks.AI համայնքը DigiHub-ում կանցկացնի խորացված տեխնիկական զեկույցներ, իսկ DigiTalk դահլիճում տեղի կունենա ArmRobotics ազգային առաջնության եզրափակիչը։
- Նոյեմբերի 22. քննարկումներ կիբերանվտանգության, ֆինանսական ոլորտում ԱԲ-ի կիրառման, ռոբոտաշինության և ԱԲ ինքնիշխանության թեմաներով, իսկ օրվա հատուկ հյուրն է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սատյարթին։
Digitec 2026-ի գլխավոր հովանավորներն են NVIDIA-ն, Firebird-ը և Krisp-ը, ռազմավարական հովանավորները՝ Picsart-ը, Netris-ը և Team Group-ը։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ։ Ինստիտուցիոնալ գործընկերներն են PMI Science-ը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ISAA), EU4Innovation East ծրագիրը և GIZ-ը։
Digitec-ը տարածաշրջանի գլխավոր AI իրադարձությունն է, որը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ 2026 թվականին Digitec-ն ամբողջությամբ նվիրված էր արհեստական բանականությանը՝ «Աշխարհի նոր AI հանգույց» խորագրի ներքո, և անցկացվեց նոյեմբերի 20–22-ը Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Մանրամասները՝ digitec.am։
5 просмотров всего, 3 просмотров сегодня