Firebird-ը և ԱՏՁՄ-ն Հրազդանում կստեղծեն արհեստական բանականության կրթական կենտրոն

Firebird ընկերությունն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտարարել են Հրազդանում Firebird x UATE AI Hub կրթական և նորարարական կենտրոն ստեղծելու մասին։ Կենտրոնը կմիավորի ճարտարագիտական կրթությունը, արհեստական բանականության կիրառական ուսուցումն ու տեխնոլոգիական նախագծերի զարգացումը՝ երիտասարդների համար ստեղծելով ճանապարհ դպրոցական աշխատանոցից դեպի մասնագիտական գործունեություն և սեփական տեխնոլոգիական նախաձեռնություններ։ Կենտրոնի ստեղծման աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականին։

Համագործակցությունը ներկայացվել է Digitec 2026-ի շրջանակում անցկացված մամուլի ասուլիսում՝ Firebird-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանի, Firebird-ի համահիմնադիր ու նախագահ Ալեքսանդր Եսայանի, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանի և Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի գործադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանի մասնակցությամբ։

Էդիտա Ղազարյանը, Ալեքսանդր Եսայանը, Ռազմիկ Հովակիմյանը և Նարեկ Ասլիկյանը ներկայացնում են կենտրոնը
Էդիտա Ղազարյանը, Ալեքսանդր Եսայանը, Ռազմիկ Հովակիմյանը և Նարեկ Ասլիկյանը ներկայացնում են կենտրոնը

Կրթություն՝ Հրազդանի ԱԲ ենթակառուցվածքի շուրջ

Նախաձեռնության նպատակն է Հրազդանում զարգացող ԱԲ ենթակառուցվածքի շուրջ ձևավորել կրթական և մասնագիտական միջավայր՝ քաղաքը դարձնելով կիրառական արհեստական բանականության ուսումնառության կենտրոն Հայաստանի տարբեր համայնքների երիտասարդների համար։ Համագործակցությունը համադրում է Firebird-ի տեխնոլոգիական փորձն ու միջազգային կապերը, «Արմաթի» ճարտարագիտական կրթության ցանցը և ԱՏՁՄ-ի՝ 300 անդամ ընկերություններից և կրթական գործընկերներից բաղկացած համայնքը։

«Ուզում ենք, որ երիտասարդները ոչ միայն օգտվեն արհեստական բանականությունից, այլև դրա օգնությամբ ստեղծեն սեփական լուծումներն ու կյանքի կոչեն իրենց գաղափարները։ Մեր դերն է նրանց տրամադրել դրա համար անհրաժեշտ գործիքներն ու աջակցությունը։ Մենք այստեղ ենք երկարաժամկետ հեռանկարով, և մեզ համար կարևոր է, որ այս համայնքում մեր ներդրումն ավելի մեծ լինի, քան այն օգուտը, որ ինքներս ստանում ենք»։ — Ռազմիկ Հովակիմյան

Ռազմիկ Հովակիմյան, Firebird-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն
Ռազմիկ Հովակիմյան, Firebird-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն

Խորացված ծրագիր «Արմաթի» սաների համար

«Արմաթը» ԱՏՁՄ-ի ճարտարագիտական կրթության ծրագիրն է, որն ավելի քան 12 տարի գործում է Հայաստանում և այսօր ունի 650 աշխատանոց բոլոր մարզերում, որտեղ սովորում է 17 000 աշակերտ։ Կենտրոնի ծրագրերից մեկը կլինի «Արմաթի» սաների համար մշակված խորացված ծրագիրը․ ծրագրավորման, ռոբոտաշինության և էլեկտրոնիկայի սկզբնական գիտելիքներից նրանք կանցնեն կիրառական ԱԲ-ի, իրերի ինտերնետի և ավտոմատացման նախագծերի՝ աշխատելով մասնագիտացված սարքավորումներով, մշակելով նախատիպեր և համագործակցելով ոլորտի փորձագետների ու ընկերությունների հետ։

«Տաղանդը համաչափ է բաշխված ամբողջ Հայաստանում, և մեր խնդիրն է նույնքան համաչափ ստեղծել զարգացման հնարավորություններ։ «Արմաթը» երեխաներին տալիս է առաջին գործիքներն ու վստահությունը, իսկ Հրազդանի կենտրոնը նրանց առջև կբացի մեծ տեխնոլոգիաների աշխարհը»։ — Էդիտա Ղազարյան

Էդիտա Ղազարյան, ԱՏՁՄ գործադիր տնօրեն
Էդիտա Ղազարյան, ԱՏՁՄ գործադիր տնօրեն

Ինչ կառաջարկի կենտրոնը

Նախնական նախագծով կենտրոնը կունենա ռոբոտաշինության և էլեկտրոնիկայի աշխատանոցներ, ԱԲ ստուդիա, ճկուն դասասենյակներ, համատեղ աշխատանքի և թիմային նախագծերի գոտիներ, ինչպես նաև միջոցառումների ու աշխատանքների ներկայացման սրահ։ Կենտրոնը բաց կլինի բոլորի համար․

  • ԱԲ ծրագրեր դպրոցականների և ուսանողների համար
  • ուսուցիչների վերապատրաստումներ
  • կիրառական ԱԲ դասընթացներ մասնագետների և ընկերությունների համար
  • հաքաթոններ
  • սկսնակ թիմերի գաղափարների և բիզնեսների զարգացման ծրագրեր

«Հենց սկզբից մեզ համար կարևոր էր ներդրում անել տեխնոլոգիական կրթության մեջ, որպեսզի Հրազդանի և հարակից համայնքների երիտասարդներին հասանելի լինեն մասնագիտական զարգացման հնարավորություններ։ Այսօր ներկայացնում ենք այդ աշխատանքի արդյունքը՝ կենտրոն, որը կօգնի պատրաստել մասնագետների նոր սերունդ», — նշել է Ալեքսանդր Եսայանը։

Ալեքսանդր Եսայան, Firebird-ի համահիմնադիր և նախագահ
Ալեքսանդր Եսայան, Firebird-ի համահիմնադիր և նախագահ

Փուլային զարգացում

Firebird-ը կենտրոնի ռազմավարական հիմնադիր գործընկերն է, իսկ ԱՏՁՄ-ն կղեկավարի կենտրոնը՝ համակարգելով կրթական ծրագրերը և ներգրավելով նոր գործընկերներ։ Սկզբում կհագեցվի տարածքը, կմեկնարկեն «Արմաթի» խորացված ծրագիրը, առաջին հաքաթոնները և թիմերի աջակցության ծրագրերը, իսկ հաջորդ փուլերում կընդլայնվեն մասնակիցների շրջանակն ու կրթական առաջարկը, այդ թվում՝ Հայաստանի տարբեր մարզերի երիտասարդների համար։

Նախաձեռնությունը համահունչ է նաև Firebird Labs-ի նպատակին՝ տեխնոլոգիական ենթակառուցվածքը կապել տաղանդի, հետազոտության և նոր ընկերությունների ստեղծման հետ։ Firebird Labs-ը ընկերության նորարարական հարթակն է, որն աջակցում է տեխնոլոգիական թիմերին՝ համադրելով հաշվողական ռեսուրսների հասանելիությունը, նախագծերի համատեղ մշակումը և ներդրումային հնարավորությունները։

Digitec-ը տարածաշրջանի գլխավոր AI իրադարձությունն է, որը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ 2026 թվականին Digitec-ն ամբողջությամբ նվիրված էր արհեստական բանականությանը՝ «Աշխարհի նոր AI հանգույց» խորագրի ներքո, և անցկացվեց նոյեմբերի 20–22-ը Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Մանրամասները՝ digitec.am։

 4 просмотров всего,  2 просмотров сегодня

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *