«ԱրմՌոբոտիքս 2026». տարվա չեմպիոնը Ներքին Կարմիրաղբյուրի թիմն է

Digitec 2026-ի շրջանակում Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի ունեցավ «ԱրմՌոբոտիքս» ինքնավար ռոբոտների ազգային առաջնության եզրափակիչը, որն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) կազմակերպում է արդեն 18-րդ տարին անընդմեջ։ Տարվա չեմպիոն ճանաչվեց Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի թիմը։

Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի թիմը՝ «ԱրմՌոբոտիքս 2026»-ի գավաթով
Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի թիմը՝ «ԱրմՌոբոտիքս 2026»-ի գավաթով

Ռեկորդային տարի՝ 180 թիմ, 700+ աշակերտ

«Խելացի ռոբոտներ ԱԲ գործարանում» խորագրի ներքո անցկացվող առաջնությանն այս տարի մասնակցության հայտ էր ներկայացրել ռեկորդային թվով՝ 180 թիմ (ավելի քան 700 աշակերտ)։ Մարզային փուլերը հաղթահարած 35 լավագույն թիմերը դուրս էին եկել եզրափակիչ։

Առաջին օրվա ընթացքում մասնակիցները հաքաթոնի ձևաչափով փորձարկեցին իրենց լիովին ինքնավար ռոբոտները, որոնք ունակ էին ինքնուրույն որոշումներ կայացնել և իրական արդյունաբերական խնդիրներ լուծել արհեստական բանականության գործարանում։ Հաքաթոնի ընթացքում մասնակիցները մենթորական աջակցություն ստացան NVIDIA-ի մասնագետներից։ Երկրորդ օրը թիմերն իրենց լուծումները ներկայացրին ժյուրիի դատին՝ պայքարելով ազգային չեմպիոնի կոչման համար։

«Խելացի ռոբոտներ ԱԲ գործարանում» մրցադաշտը
«Խելացի ռոբոտներ ԱԲ գործարանում» մրցադաշտը
Պատանի ճարտարագետները փորձարկում են իրենց ռոբոտը
Պատանի ճարտարագետները փորձարկում են իրենց ռոբոտը

Օրվա ընթացքում պատանի ճարտարագետների մրցապայքարին հետևեցին և նրանց ստեղծած ռոբոտներին ծանոթացան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը, NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը և Digitec-ի այլ հյուրեր։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հյուրերը ողջունում են թիմին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հյուրերը ողջունում են թիմին

«Նրանք ապագան կառուցում են սեփական ձեռքերով»

Եզրափակիչի պաշտոնական բացմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց․

«Այս ռոբոտները մեր աշակերտների և նրանց խմբավարների ամենօրյա աշխատանքի շոշափելի արդյունքն են։ Սակայն այս մրցույթը միայն տեխնոլոգիական հաջողությունների մասին չէ․ այն միավորում է Հայաստանի տարբեր մարզերի երիտասարդներին, որտեղ Կարմիրգյուղի երեխաները ծանոթանում են Ներքին Կարմիրաղբյուրի իրենց հասակակիցների հետ, ընկերանում և փոխանակվում գաղափարներով։ Ահա սա է իրական կրթությունն ու մեր երկրի զարգացման հիմքը»։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն իր ելույթում շեշտեց․ «Գիտությունն է ձևավորում տեխնոլոգիան, և մենք ցանկանում ենք, որ այստեղ ներկայացված գաղափարները մի օր դառնան արտահանվող պրոդուկտներ։ Ուրախալի է տեսնել, որ Հայաստանի երիտասարդները ոչ միայն օգտագործում են առաջատար տեխնոլոգիաները, այլև ստեղծում են դրանք»։

«Այսօր այս դահլիճում հավաքվածներն ապագային չեն սպասում․ նրանք այն կառուցում են սեփական ձեռքերով։ Ձեր ռոբոտներից յուրաքանչյուրի հետևում ամիսների աշխատանք է, անքուն գիշերներ, չստացված փորձեր ու նորից սկսելու համարձակություն։ Սա է իսկական ճարտարագետի ուժը»,- մասնակիցներին ուղղված խոսքում ասաց ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանը։

«ԱրմՌոբոտիքս 2026»-ի հովանավոր Eleveight AI-ի հիմնադիր Արման Ալեքսանյանը բացատրեց, թե ինչու են այս տարի NVIDIA-ի մենթորներին ներգրավել հաքաթոնում․

«NVIDIA-ի չիպերով են այսօր աշխատում աշխարհի ամենահզոր ԱԲ համակարգերը, և այդ ընկերության մասնագետներից ուղիղ սովորելու հնարավորությունը շատ ինժեներներ ստանում են միայն տարիներ անց։ Դուք այն ստացաք շատ ավելի շուտ։ Այսօր ով էլ հաղթի, դուք արդեն արել եք ամենադժվարը՝ ձեր գաղափարը դարձել է աշխատող ռոբոտ։ Շարունակեք կառուցել»։

Թիմերը պատրաստում են իրենց ինքնավար ռոբոտները
Թիմերը պատրաստում են իրենց ինքնավար ռոբոտները

Հաղթողները

Տարվա չեմպիոն՝ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց։

  • Կրտսեր տարիքային խումբ. 1-ին տեղ՝ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց, 2-րդ՝ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոց, 3-րդ՝ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց։
  • Ավագ տարիքային խումբ. 1-ին տեղ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 2-րդ՝ Քարահունջի միջնակարգ դպրոց, 3-րդ՝ Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց։

Eleveight AI-ը NVIDIA-ի հետ համագործակցությամբ հաղթող թիմերին տրամադրեց անվճար մասնակցություն NVIDIA Deep Learning Institute-ի (DLI) մասնագիտացված դասընթացներին, իսկ նրանց համար կկազմակերպվի նաև ճանաչողական էքսկուրսիա Eleveight AI-ի գործարանում։

Հյուրերը ողջունում են եզրափակչի մասնակիցներին
Հյուրերը ողջունում են եզրափակչի մասնակիցներին

Արդեն 18 տարի «ԱրմՌոբոտիքս» առաջնությունը ԱՏՁՄ առանցքային կրթական նախաձեռնություններից է, որը դպրոցական ինժեներական կրթությունը կապում է իրական արդյունաբերական մարտահրավերների հետ։ Այս տարվա առաջնությունն անցկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո և Eleveight AI-ի հովանավորությամբ։

Digitec-ը տարածաշրջանի գլխավոր AI իրադարձությունն է, որը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ 2026 թվականին Digitec-ն ամբողջությամբ նվիրված էր արհեստական բանականությանը՝ «Աշխարհի նոր AI հանգույց» խորագրի ներքո, և անցկացվեց նոյեմբերի 20–22-ը Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Մանրամասները՝ digitec.am։

 9 просмотров всего,  5 просмотров сегодня

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *