Հայկական ստարտափ էկոհամակարգի ամբողջական պատկերը՝ մեկ հարթակում. գործարկվեց armenia.dealroom.app-ը
Նոյեմբերի 20-ին՝ Digitec 2026-ի ընթացքում, ներկայացվեց Հայաստանի ստարտափ էկոհամակարգի հարթակը։ armenia.dealroom.app հասցեով հասանելի հարթակը երկրի ստարտափների, ներդրողների և նորարարական գործունեության վերաբերյալ տվյալների միասնական և բաց աղբյուր է։ Այն ստեղծել են Dealroom-ը, Civitta-ն և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ Եվրոպական միության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Expertise France-ի կողմից իրականացվող EU4Innovation East ծրագրի շրջանակում։

Ինչու էր անհրաժեշտ հարթակը
Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը տարեկան աճում է 20–25 տոկոսով, սակայն մինչ օրս ստարտափների մասին տեղեկատվությունը ցրված էր տարբեր հարթակներում, իսկ նրանց հաջողությունների զգալի մասը գրանցվում էր երկրից դուրս։ Վստահելի և համադրելի տվյալների պակասը խոչընդոտում էր թե՛ արդյունավետ քաղաքականության մշակմանը, թե՛ Հայաստանի միջազգային տեսանելիության բարձրացմանն ու ներդրումների ներգրավմանը։ Միջազգային վերլուծությունները մատնանշում են նաև կին հիմնադիրների ու «կանաչ» ստարտափների փոքր թիվը և տաղանդների արտահոսքի բարձր ցուցանիշը։
Ինչ է քարտեզագրում հարթակը
- ստարտափներն ու սքեյլափները՝ իրենց ոլորտներով, ֆինանսավորմամբ և թիմերով
- տեղական և օտարերկրյա ներդրողներին՝ իրենց պորտֆելներով
- հիմնադիրներին, ֆինանսավորման փուլերը, համալսարաններն ու աքսելերատորները
- պետական և ոչ առևտրային աջակցող կազմակերպությունները
- էկոհամակարգի վերջին նորությունները
Հիմնական շտեմարանում ներառված են Հայաստանում գրանցված կամ հիմնադրված ընկերությունները, իսկ հայկական կապեր ունեցող հիմնադիրների՝ արտերկրում ստեղծված ընկերությունները ներկայացված են առանձին։ Հիմնադիրներին հարթակն օգնում է տեսանելի դառնալ համաշխարհային ներդրողների համար, ներդրողներին՝ գտնել խոստումնալից ստարտափներ ու հետևել գործարքներին, իսկ պետական մարմիններին, աքսելերատորներին ու համալսարաններին՝ չափել էկոհամակարգը և տվյալահենք քաղաքականություն մշակել։
Նույն մեթոդաբանությունը, ինչ աշխարհի 100+ էկոհամակարգերում
Տվյալները մշակվում են Dealroom-ի համակարգով, որը համադրում է հանրային աղբյուրները, պետական և երրորդ կողմի տվյալները, համայնքի ներդրումը և ԱԲ-ով դասակարգումը, իսկ ստուգումն իրականացնում է Dealroom-ի հետազոտական թիմը։ Գործարկումից առաջ բետա տարբերակը վերանայել է շուրջ 20 հայկական կազմակերպություն։ Հայաստանն այժմ միանում է 40-ից ավելի երկրների 100-ից ավելի էկոհամակարգերի ցանցին, որոնց թվում են Բեռլինը, Էստոնիան, Վրաստանը, Ղազախստանը, Դանիան և Տոկիոն։

Գործընկերների խոսքը
«Հայաստանն արդեն ապացուցել է, որ կարող է ստեղծել համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական պրոդուկտներ, և ԱՏՁՄ-ում մեր առաքելությունն է այդ ներուժը լավագույնս ներկայացնել միջազգային հանրությանը։ Այժմ մեր ամբողջ էկոհամակարգը հստակ ու համակարգված ներկայացված է մեկ միասնական հարթակում», — նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը։
«Հավաստի տվյալները վստահության ձևավորման կարևոր նախապայման են։ Ստարտափների համար հարթակը կնշանակի ավելի մեծ տեսանելիություն և հասանելիություն ներդրողներին ու գործընկերներին, ներդրողների համար՝ նոր հնարավորությունների բացահայտման հավաստի տեղեկատվություն, իսկ պետական կառավարման համակարգի համար՝ քաղաքականությունը գնահատելու, առկա բացերը բացահայտելու և առավել հիմնավորված որոշումներ կայացնելու գործիք»։ — Տաթև Ասլանյան, ՀՀ ԲՏԱԱԲ փոխնախարար
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հարթակն անվանեց ԵՄ–Հայաստան համագործակցության «շոշափելի արդյունք», որն «օգնում է հայկական նորարարությունը կապել եվրոպական և համաշխարհային շուկաների հետ»։ EU4Innovation East ծրագրի ղեկավար Ժյուլիեն Շմիթի խոսքով՝ հարթակը կօգնի ձեռներեցներին գտնել համապատասխան կապեր, իսկ միջազգային գործընկերներին՝ ավելի ամբողջական պատկերացում կազմել Հայաստանի նորարարական ներուժի մասին։
«Եթե Փարիզում կամ Սան Ֆրանցիսկոյում գտնվող ներդրողը ցանկանում էր ուսումնասիրել հայկական էկոհամակարգը, չկար մեկ միասնական հարթակ, որին կարող էր դիմել։ Այժմ այդ հարթակը կա։ Սա մեկնարկային կետ է, ոչ թե վերջնակետ»։ — Իֆա Մորին, Dealroom-ի էկոհամակարգերի աճի ղեկավար
Civitta-ի միջազգային բիզնեսի ստորաբաժանման կառավարող գործընկեր Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ հարթակը բոլորին տրամադրում է նույն ելակետային տվյալները՝ ներառյալ կանանց կողմից ղեկավարվող և «կանաչ» ստարտափների մասին։ Դրա հիման վրա Civitta-ն կպատրաստի գնահատման երկու զեկույց, որոնցից յուրաքանչյուրը կքննարկվի համայնքի հետ բաց աշխատաժողովներում։
Հուշագիր նախարարության հետ
Գործարկումից հետո ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը և Dealroom-ը ստորագրեցին երկու տարի ժամկետով փոխըմբռնման հուշագիր։ Նախարարությունը հարթակի տվյալները կօգտագործի քաղաքականության ու ռազմավարությունների մշակման և ծրագրերի գնահատման համար, օրենսդրությամբ թույլատրելի շրջանակներում հասանելի կդարձնի ստարտափներին, տեխնոլոգիական ընկերություններին, աջակցության ծրագրերին, նորարարությանն ու ներդրումներին վերաբերող պետական տվյալները, կմասնակցի հարթակի կառավարմանը և կուսումնասիրի դրա երկարաժամկետ կայունության ապահովման տարբերակները։

Հաջորդ քայլերը
2026 թ. դեկտեմբերից գործընկերները էկոհամակարգի հետ կանցկացնեն վավերացման աշխատաժողովներ, որից հետո հարթակը կանցնի հայկական կողմի սեփականությանը։ Հիմնադիրներին, ներդրողներին և էկոհամակարգի զարգացմամբ զբաղվողներին հրավիրում են գրանցվել armenia.dealroom.app հարթակում, առաջարկել պրոֆիլների խմբագրումներ և տրամադրել տվյալներ։

Digitec-ը տարածաշրջանի գլխավոր AI իրադարձությունն է, որը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ 2026 թվականին Digitec-ն ամբողջությամբ նվիրված էր արհեստական բանականությանը՝ «Աշխարհի նոր AI հանգույց» խորագրի ներքո, և անցկացվեց նոյեմբերի 20–22-ը Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Մանրամասները՝ digitec.am։
6 просмотров всего, 3 просмотров сегодня