Փաշինյանը Digitec 2026-ում. «Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»

Digitec 2026-ի առանցքային իրադարձություններից էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի զրույցը՝ «Հայաստանի ԱԲ հնարավորությունը. տեսլականից՝ գործողության» թեմայով։ Քննարկման կենտրոնում AI հանգույց դառնալու Հայաստանի հնարավորություններն էին՝ հենց այն գաղափարը, որի շուրջ կառուցված էր այս տարվա խորագիրը՝ «Աշխարհի նոր AI հանգույց»։

Ռև Լեբարեդյանը և Նիկոլ Փաշինյանը DigiConf գլխավոր բեմում
Ռև Լեբարեդյանը և Նիկոլ Փաշինյանը DigiConf գլխավոր բեմում

ԱԲ՝ մարդկանց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար

Անդրադառնալով Հայաստանում ԱԲ-ի զարգացմանն ու կիրառման ընդլայնմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց Կառավարության դիրքորոշումը․

«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ։ Մեր նպատակն է օգտագործել արհեստական բանականությունը, որպեսզի մարդկանց աշխատանքը, աշխատանքային ջանքերն էլ ավելի արդյունավետ դառնան»։

Ռև Լեբարեդյանը, ով համաժողովի առաջին օրը հանդես էր եկել «Հայաստանի ապագան արհեստական բանականության դարաշրջանում» բացման ելույթով, ավելի վաղ ընդգծել էր Հայաստանի նորարարական փորձը և Արևելքի ու Արևմուտքի միջև կամուրջ լինելու դերը՝ նշելով, որ երկիրը պետք է օգտակար լինի «թե՛ գլոբալ էկոհամակարգին, թե՛ մեր հարևաններին ու ամբողջ տարածաշրջանին»։

Ռև Լեբարեդյանը և հյուրերը գլխավոր բեմի առաջին շարքում
Ռև Լեբարեդյանը և հյուրերը գլխավոր բեմի առաջին շարքում

Ցուցահանդեսում և «ԱրմՌոբոտիքս»-ի եզրափակչում

Միջոցառման ընթացքում վարչապետը շրջեց նաև ցուցահանդեսում և հետևեց «ԱրմՌոբոտիքս» ազգային առաջնության եզրափակչի պատանի ճարտարագետների մրցապայքարին։

Նիկոլ Փաշինյանը Digitec 2026 ցուցահանդեսում՝ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանի և Ռև Լեբարեդյանի հետ
Նիկոլ Փաշինյանը Digitec 2026 ցուցահանդեսում՝ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանի և Ռև Լեբարեդյանի հետ

Գործարար նախաճաշ համաշխարհային տեխնոլոգիական առաջնորդների հետ

Digitec-ի առիթով Երևանում գտնվող համաշխարհային տեխնոլոգիական առաջնորդների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունեցավ գործարար նախաճաշ, որը նախաձեռնել էին Enterprise Armenia-ն և ԱՏՁՄ-ն։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությունները, տեխնոլոգիական ոլորտում աճի և ներդրումների հնարավորությունները, կրթության և աշխատուժի զարգացման, ինչպես նաև իրավական ու կարգավորող դաշտի բարելավման հարցերը՝ ընդգծելով պետական և մասնավոր հատվածների միջև շարունակական երկխոսության կարևորությունը։

Digitec-ը տարածաշրջանի գլխավոր AI իրադարձությունն է, որը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ 2026 թվականին Digitec-ն ամբողջությամբ նվիրված էր արհեստական բանականությանը՝ «Աշխարհի նոր AI հանգույց» խորագրի ներքո, և անցկացվեց նոյեմբերի 20–22-ը Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Մանրամասները՝ digitec.am։

 8 просмотров всего,  5 просмотров сегодня

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *